«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա

Լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա

Ներկայում վիրահատության էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ մեթոդներն աստիճանաբար դառնում են շատ հիվանդությունների բուժման ստանդարտ, որոնց ժամանակ նախկինում պահանջվում էր ավելի ագրեսիվ, բաց միջամտություն:

Լապարոսկոպիկ միջամտությունների առավելությունները բաց վիրահատությունների նկատմամբ ակնհայտ են՝ բարդությունների առաջացման նվազագույն հաճախություն ինչպես վիրահատության ընթացքում, այնպես էլ՝ վիրահատությունից հետո, արյան քիչ կորուստ, վարակային բարդությունների առաջացման ցածր հավանականություն, մինիմալ ագրեսիվություն և հյուսվածքների նվազագույն վնասում: Այս ամենի հետ միասին, նմանատիպ վիրահատություններն արդյունքներով ամենևին չեն զիջում բաց վիրահատություններին:

Հետվիրահատական շրջանում հիվանդների մոտ բարդություններն անհամեմատ քիչ են, իսկ ցավազրկող դեղերի կարիքը զգալիորեն պակասում է:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքում վերջին երկու շաբաթվա ընթացքում հաջողությամբ իրականացվել է 3 լապարոսկոպիկ միջամտություն:

Վիրահատություններն իրականացրել են բաժանմունքի մասնագետները:

Երկու հիվանդներին կատարվել է նեֆրէկտոմիա՝ երիկամի հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիայի կապակցությամբ, մյուս հիվանդին՝ երիկամի լապարոսկոպիկ կիստէկտոմիա:

  • Հիվանդ Մ.Գ., ծնված 1951 թվականին, կլինիկա ընդունվելիս գանգատվել է աջ գոտկային շրջանում պարբերաբար կրկնվող ցավերից և ծանրության զգացումից: Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է. «Աջից տերմինալ ուրետերոհիդրոնեֆրոզ»: Համապատասխան նախապատրաստումից հետո հիվանդը հաջողությամբ ենթարկվել է լապարոսկոպիկ նեֆրէկտոմիայի` աջից: Վիրահատությունն իրականացվել է որովայնային մուտքով: Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների, հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից բավարար վիճակում վիրահատության 5-րդ օրը:

  • Հիվանդ Ա.Կ., ծնված 1960թ., ընդունվել է կլինիկա՝ գանգատվելով ձախ գոտկային և աճուկային շրջանում սուր ցավերից և ծանրության զգացումից: Ախտորոշվել է. «Միզաքարային հիվանդություն, ձախ երիկամի ավազանի խոշոր պաշարող կոնկրեմենտներ, հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիա»: Հիվանդի համապատասխան նախապատրաստումից հետո հաջողությամբ իրականացվել է լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա` ձախից: Վիրահատության ընթացում հայտնաբերվել է ձախ երիկամի ավազանի և միզածորանի հյուսվածքների փոխարինում տրանսֆորմացված ճարպային հյուսվածքներով, որը տեղի է ունեցել քրոնիկական բորբոքային գործնթացի հետևանքով: Այս վիրահատությունը ևս իրականացվել է որովայնային մուտքով: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, հիվանդը ստացիոնարից դուրս է գրվել բավարար վիճակում:

  • Հիվանդ Զ.Ս., ծնված 1952 թ., կլինիկա է ընդունվել՝ գանգատվելով աջ գոտկային շրջանում ծանրության զգացումից: Ախտորոշվել է «Աջ երիկամի վերին բևեռի սոլիտար կիստա»: Հիվանդի համապատասխան նախապատրաստումից հետո հաջողությամբ իրականացվել է աջ երիկամի լապարոսկոպիկ կիստէկտոմիա: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից բավարար վիճակում վիրահատության 3-րդ օրը:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքը հագեցած է Richard Wolf ընկերության արտադրության նորագույն լապարոսկոպիկ սարքավորումներով, որոնք մեր մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել ուրոլոգիական ոլորտի ցանկացած բարդության լապարոսկոպիկ վիրահատություն: Հաշվի առնելով լապարոսկոպիկ մեթոդի անվիճելի առավելությունը բաց վիրահատությունների նկատմամբ՝ կլինիկան պատրաստվում է հետագայում ևս ներդնել և ընդլայնել լապարոսկոպիայի կիրառման փորձը՝ իրականացնելու ուռոլոգիական վիրաբուժական միջամտությունների ավելի լայն սպեկտր:

01.07.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր