«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Պանկրեատիտի բուժման լապարոսկոպիկ մեթոդը. նվազագույն վնասվածք և արագ վերականգնում

Պանկրեատիտի բուժման լապարոսկոպիկ մեթոդը. նվազագույն վնասվածք և արագ վերականգնում

Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է, որն ունի հարաբերականորեն անկանխատեսելի ընթացք և դժվար է բուժման ենթարկվում: Չնայած տվյալ հիվանդության բուժման ժամանակակից դեղերի բարձր արդյունավետությանը՝ հաճախ վիրահատական միջամտության կարիք է լինում:

 

17.06.15թ. հիվանդ Ն.Լ., ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք «Սուր լեղաքարային խոլեցիստիտ, սուր պանկրեատիտ» ախտորոշմամբ:

Կլինիկայում հիվանդը ստացել է համապատասխան հակապանկրեատիտային կոնսերվատիվ բուժում, որի ֆոնի վրա արձանագրվել է դրական դինամիկա:

Պանկրեատիտի երևույթները համեմատաբար կոմպենսացվել են, որից հետո 19.06.15թ. հիվանդն ընդհանուր անզգայացմամբ վիրահատվել է Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժների թիմի կողմից՝ ղեկավար բ.գ.դ. Յու.Ա. Հարությունյանի գլխավորությամբ:

Իրականացվել է լապարոսկոպիա, որի ընթացքում հայտնաբերվել է ֆլեգմոնոզ փոփոխված, քարերով լի լեղապարկ: Որովայնի խոռոչում հայտնաբերվել է շճաֆերմենտային հեղուկ, իսկ ճարպոնի վրա՝ ստեարինային վահանիկներ: Վերը նշված եղանակով իրականացվել է խոլեցիստէկտոմիա, որովայնի խոռոչում առկա ազատ հեղուկը հեռացվել է, փոքր կոնքում, ճարպոնապարկում և ենթալյարդային տարածությունում դրվել են դրենաժներ:

Հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է հակապանկրեատիտային և հակամանրէային բուժում: Հիվանդի վիճակը բարելավվել է, ըստ ցուցումների՝ դրենաժները հեռացվել են: 24.06.15թ հիվանդը բավարար վիճակով դուրս է գրվել կլինիկայից:

 

Հաշվի առնելով այն փաստը, որ լապարոսկոպիկ վիրահատությունների ժամանակ վնասելու հավանականությունը մինիմալ է և բարդությունները հասցվում են նվազագույնի՝ հիվանդների հետվիրահատական վերականգնումը կարճաժամկետ է, ինչն էլ հնարավորություն է տալիս արագ վերադառնալու առօրյա կյանքին: Անհրաժեշտ է նշել, որ աշխարհում պանկրեատիտի ժամանակ լապարոսկոպիկ միջամտությունը վերջերս է սկսվել կիրառվել:

 

Ուրախալի է այն փաստը, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ առկա են բոլոր տեխնիկական հնարավորությունները և պատրաստված բուժանձնակազմ, աշխարհում առաջիններից են սկսել իրականացնել նմանատիպ վիրահատություններ, և այսօր կլինիկայում լապարոսկոպիկ մեթոդը բավականին հաճախ է կիրառվում:

01.07.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր