«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ռենտգեն դենսիտոմետրիայի ծառայություն

Ընդհանուր նկարագրություն

Դենսիտոմետրիան ախտորոշման միակ եղանակն է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչն անհրաժեշտ է օստեոպորոզի կանխարգելման, վաղ հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև հակաօստեոպորոտիկ բուժման արդյունավետության համար: Դասական ռենտգենաբանական հետազոտությամբ եւս հնարավոր է ախտորոշել օստեոպորոզը, երբ ոսկրային հյուսվածքի կորուստն արդեն իսկ գերազանցում է 25-30 տոկոսը: Դենսիտոմետրիան թույլ է տալիս գնահատել ոսկրային հյուսվածքի՝ նույնիսկ մինչեւ 2-5 տոկոս կորուստը, ինչն անգնահատելի նշանակություն ունի կոտրվածքների ռիսկի կանխարգելման եւ ամենավաղ փուլում օստեոպորոզի ախտորոշման համար:

Օստեոպորոզի վաղ հայտնաբերումը բժշկին հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը, կանխել հիվանդության զարգացումը, վերականգնել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը: 45-50 տարեկանից հետո ոսկրային հյուսվածքում կալցիումի քանակը սկսում է նվազել: 55-65 տարեկանում այն կարող է հասնել կրիտիկական նվազագույնի՝ հաճախ դառնալով ողնաշարի եւ ազդոսկրի վզիկի կոտրվածքի պատճառ: Ահա թե ինչու է այդ տարիքում հատկապես կարեւորվում ոսկրերի հետազոտությունը: Հաճախ իրականացվում է երկու հատվածի դենսիտոմետրիա՝ ողնաշարի գոտկային հատվածի եւ կոնքազդրային հոդի շրջանի, որտեղ ամենաշատն են նկատվում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է չափել նաև նախաբազկի ոսկրերի խտությունը: Հետազոտության հիմքում ցածր իոնացնող ծանրաբեռնվածությամբ ռենտգեն ճառագայթներով ոսկրի լուսավորումն է՝ երկու էներգետիկ հոսքերով (DEXA կամ DXA երկէներգետիկ ռենտգեն աբսորբցիոմետրիա) (dual energy x-ray absorptiometry), ինչը հնարավորություն է տալիս հետազոտությունն իրականացնել առավելագույն ճշգրտությամբ եւ արագությամբ: Բաժանմունքում առկա է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES ժամանակակից թվային սարքավորումը:

Հետազոտությունն իրականացնելիս ճառագայթային չափաբաժինը հասցված է նվազագույնի եւ կազմում է կրծքավանդակի դասական ռենտգենոգրաֆիայի չափաբաժնի 1/10-ից պակաս:

Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումներն են.

• Վաղ դաշտանադադար՝ մինչեւ 45 տարեկան

• Աննշան վնասվածքից ոսկրերի կոտրվածքներ՝ ցածր էներգետիկ կոտրվածքներ

• Կորտիկոստերոիդների երկարատեւ ընդունում

• Ռեւմատոիդ արթրիթ

• Հիպերպարաթիրեոդիզմ

• Երկարատեւ անշարժ վիճակ

• Մալաբսորբցիայի համախտանիշ

• Լյարդի քրոնիկ հիվանդություն

• Ժառանգական գործոն (երբ ծնողները մեծ տարիքում ունեցել են ազդրի վզիկի կոտրվածք՝ աննշան վնասվածքից)

• Դիաբետ

• Հասակի անբացատրելի նվազում՝ ավելի քան 3 սմ

• Ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահում

Հետազոտությունը խորհուրդ է տրվում

• 65 բարձր տարիքի բոլոր կանանց

• Ավելի երիտասարդ կանանց՝ ռիսկի գործոնների առկայության դեպքում

• Կանանց և տղամարդկանց, որոնք երկարատեւ ստանում են կորտիկոստերոիդներ

• 70 բարձր տարիքի բոլոր տղամարդկանց


Անձնակազմ
Նարինե Ասլանյան Նարինե Ասլանյան Գրել նամակ ռադիոլոգ
Գնացուցակ

 

Դենսիտոմետրիայի ծառայության 
գնացուցակ
05.09.2013 թ.
  Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)
  Դենսիտոմետրիա 10,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր