Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում բարձրորակ, մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերում սրտի հիվանդություններով պացիենտներին: Բաժանմունքը բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից (երկրորդ էտապ) և հիվանդասենյակներից:
Այլ բաժանմունքների մասնագետների հետ սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի կաթվածի զարգացման առաջին ժամերին վերականգնել զարկերակների անցանելիությունը և կանխել սրտամկանի կաթվածի զարգացումը: Սա նպաստում է հիվանդների հաշմանդամության տոկոսի զգալի նվազմանը: Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի հիմնական խնդիրը սրտամկանի սուր կաթվածի և սուր սրտային համախտանիշի բուժումն է:
Ինտենսիվ թերապիայի բլոկ (ԻԹԲ) ընդունվում են սրտամկանի սուր կաթվածով, անկայուն ստենոկարդիայով, սրտի ռիթմի սուր խանգարումներով, սրտային սուր անբավարարությամբ ու կյանքին սպառնացող այլ սրտանոթային ախտաբանություններով հիվանդներ: Բաժանմունքում բուժվում են նաև սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) քրոնիկ ձևերով, զարկերակային գերճնշմամբ, քրոնիկ սրտային անբավարարությամբ, սրտամկանի և պերիկարդի հիվանդություններով, էնդոկարդիտներով և սրտի այլ խնդիրներով հիվանդներ:
Յուրաքանչյուր տարի բաժանմունքում բուժվում է ավելի քան 3000 հիվանդ՝ ստացիոնար պայմաններում (որից 1000-1100-ը՝ սրտամկանի սուր կաթվածով), և շուրջ 6000 ամբուլատոր հիվանդ: Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով. առկա են ինվազիվ և ոչ ինվազիվ հարմահճակալային մոնիտորներ, էլեկտրասրտագրեր, էխոսրտագիր, թրեդմիլ, հոլտեր-մոնիտորներ: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորված սրտաբան-ռեանիմատոլոգներ, ովքեր մասնագիտացել են արտասահմանյան առաջատար կլինիկաներում: Բուժումներն իրականացվում են համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներով: Բաժանմունքը ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի կլինիկական բազան է: Յուրաքանչյուր տարի 10-15 բժիշկ բաժանմունքում անցնում է կլինիկական օրդինատուրա: Իրականացվում են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակված են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի գիտական սրտաբանական պարբերականներում: