«Էրեբունի» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը հիմնվել է 1986 թվականին՝ պրոֆեսոր Հարություն Քուշկյանի կողմից: Այս տարիների ընթացքում բաժանմունքում վիրահատվել են հազարավոր հիվանդներ և այսօր այն համարվում է հանրապետության լավագույն էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը, որտեղ կատարվում են եզակի վիրահատություններ վահանաձև և հարվահանաձև գեղձերի, մակերիկամների, կրծքագեղձերի և ենթաստամոքսային գեղձի վրա: Այստեղ է կատարվում հանրապետությունում բոլոր էնդոկրին վիրահատությունների մեծ մասը: 1997 թվականին պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ջանքերով բաժանմունքի բազայի վրա հիմնվել է Ազգային առողջապահության ինստիտուտի, ապա Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրին վիրաբուժության ամբիոնը, որտեղ մինչև օրս մասնագիտանում են մեծ թվով վիրաբույժներ: Կատարվել են հարյուրավոր գիտական աշխատություններ, պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական թեզեր: Այս տասնամյակների ընթացքում կատարվող աշխատանքին զուգահեռ ներդրվել են բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաներ: Բաժանմունքում առաջին անգամ Հայաստանում կատարվել են լապարասկոպիկ ադրենալէկտոմիա, էնդոսկոպիկ թիրեոիդէկտոմիա: Ներկայում այս ուղղությամբ մշակված են մեթոդաբանական և տեխնիկական հստակ չափորոշիչներ: Վիրաբուժական նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս նախապատվությունը տալ քիչ ինվազիվ վիրահատական միջամտություններին՝ փոքր մուտքով վիրահատություններին, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, գերձայնի հսկողության տակ կատարվող վիրահատական միջամտություններին և այլն: «Էրեբունի» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են վիրահատական միջամտության հետևյալ տեսակները.
- լապարասկոպիկ վիրահատություններ
- դասական բաց վիրահատություններ
- վիրահատություններ՝ նվազագույն մուտքով
- քիչ ինվազիվ օրգանապահպան վիրահատություններ
- էնդոտեսադիտարկման տակ իրականացվող վիրահատություններ
Բաժանմունքում իրականացվում են էնդոկրին վիրաբուժության հասկացության մեջ մտնող քիչ ինվազիվ և բարձր տեխնոլոգիական վիրահատությունների բոլոր տեսակները հետևյալ օրգան-համակարգերի և օրգանների, վրա.
- հիպոֆիզ
- վահանաձև գեղձ
- հարվահանաձև գեղձեր
- թիմուս (ուրցագեղձ)
- ենթաստամոքսային գեղձ
- մակերիկամներ
- կրծքագեղձ
- վիրահատություններ ԱԿՏՀ-արտանկված համախտանիշի դեպքում
- էնդոկրին համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժում (բազմակի էնդոկրին նեոպլազիաներ՝ ԲԷՆ համախտանիշ)
- վիրահատություններ սեռական գեղձերի վրա և այլն
Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար վիրաբուժական կլինիկաների հետ: