Դենսիտոմետրիան ախտորոշման միակ եղանակն է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչն անհրաժեշտ է օստեոպորոզի կանխարգելման, վաղ գնահատման և ախտորոշման, ինչպես նաև հակաօստեոպորոտիկ բուժման արդյունավետության համար:
Դասական ռենտգենաբանական հետազոտությամբ ևս հնարավոր է ախտորոշել օստեոպորոզը, երբ ոսկրային հյուսվածքի կորուստն արդեն իսկ գերազանցում է 25-30 տոկոսը: Սակայն դենսիտոմետրիան թույլ է տալիս գնահատել ոսկրային հյուսվածքի՝ նույնիսկ մինչև 2-5 տոկոս կորուստը, ինչն անգնահատելի նշանակություն ունի կոտրվածքների ռիսկի կանխարգելման եւ ամենավաղ փուլում օստեոպորոզի ախտորոշման համար: Օստեոպորոզի վաղ հայտնաբերումը բժշկին հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը, կանխել հիվանդության զարգացումը, վերականգնել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը: 45-50 տարեկանից հետո ոսկրային հյուսվածքում կալցիումի քանակը սկսում է նվազել: 55-65 տարեկանում այն կարող է հասնել կրիտիկական նվազագույնի՝ հաճախ դառնալով ողնաշարի և ազդոսկրի վզիկի կոտրվածքի պատճառ: Ահա թե ինչու է այդ տարիքում հատկապես կարեւորվում ոսկրերի հետազոտությունը: Հաճախ իրականացվում է երկու հատվածի դենսիտոմետրիա՝ ողնաշարի գոտկային հատվածի եւ կոնքազդրային հոդի շրջանի, որտեղ ամենաշատն են նկատվում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է չափել նաև նախաբազկի ոսկրերի խտությունը: Հետազոտության հիմքում ցածր իոնացնող ծանրաբեռնվածությամբ ռենտգեն ճառագայթներով ոսկրի լուսավորումն է՝ երկու էներգետիկ հոսքերով (DEXA կամ DXA երկէներգետիկ ռենտգեն աբսորբցիոմետրիա) (dual energy x-ray absorptiometry), ինչը հնարավորություն է տալիս հետազոտությունն իրականացնել առավելագույն ճշգրտությամբ և արագությամբ:
Բաժանմունքում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը: Հետազոտությունն իրականացնելիս ճառագայթային չափաբաժինը հասցված է նվազագույնի և կրծքավանդակի դասական ռենտգենոգրաֆիայի չափաբաժնի 1/10-ից պակաս է:
Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումներն են.
- վաղ դաշտանադադար՝ մինչև 45 տարեկան
- աննշան վնասվածքից առաջացած ոսկրերի կոտրվածքներ՝ ցածր էներգետիկ կոտրվածքներ
- կորտիկոստերոիդների երկարատև ընդունում
- ռևմատոիդ արթրիտ
- հիպերպարաթիրեոզմ
- երկարատև անշարժ վիճակ
- մալաբսորբցիայի համախտանիշ
- լյարդի քրոնիկ հիվանդություն
- ժառանգական գործոն (երբ ծնողները մեծ տարիքում ունեցել են ազդրի վզիկի կոտրվածք՝առաջացած աննշան վնասվածքից)
- դիաբետ
- հասակի անբացատրելի նվազում՝ ավելի քան 3 սմ
- ծխախոտի և ալկոհոլի չարաշահում
Հետազոտությունը խորհուրդ է տրվում`
- 65-ից բարձր տարիքի բոլոր կանանց
- ավելի երիտասարդ կանանց՝ ռիսկի գործոնների առկայության դեպքում
- կանանց և տղամարդկանց, որոնք երկարատև ստանում են կորտիկոստերոիդներ
70-ից բարձր տարիքի բոլոր տղամարդկանց
Հետազոտությունը խորհուրդ չի տրվում`
- հղիներին
- կերակրող մայրերին (հետազոտումը միայն բժշկի ցուցումով)
- կոնտրաստ նjութով վերջին 4 օրվա ընթացքում հետազոտություն անցած անձանց (ցանկալի է հետաձգել դենսիտոմետրիան 1 շաբաթով)
Գնացանկ
Դենսիտոմետրիա
15,000