Loading

Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում

05.08.2024

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ ծառայությունները, ուռուցքային հիվանդություններ ունեցող կանանց բուժումը մինչև վերջ տեղում իրականացնելու անհրաժեշտություն ուներ, այդ իսկ պատճառով «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ գինեկոլոգիական բաժանմունքում ուռուցքաբանական ծառայություն է ներդրվում։

Գինեկոլոգիական բաժանմունքում ուռուցքաբանական ծառայություն հիմնելու գաղափարը բարձրորակ ծառայություններ մատուցելն է, ինչպես նաև ուռուցքաբանության վերջին ուղեցույցներին ու բուժման ժամանակակից մոտեցումներին ապագա մասնագետներին ծանոթացնելն է։

Երբեք չդադարող մասնագիտական զարգացման գործընթացն այստեղ լի է նոր հնարավորություններով։ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի տարածաշրջանային ուռուցքաբանական կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար մեր հայրենակից Վիրաբ Սիսակյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է։ Ծննդատան բժիշկներին է փոխանցում իր փորձը, ծանոթանում կենտրոնի հնարավորություններին։ Վիրաբ Սիսակյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ուռուցքաբանական ծառայության կայացմանը։

Վիրաբ Սիսակյանը գործընկերներին է ներկայացրել իր փորձը քաղցկեղի ախտորոշման, կիրառվող ուղեցույցների և մոտեցումների վերաբերյալ։ Առանձնահատուկ ներկայացրել է ուռուցքային հիվանդությունների վիրահատական նրբությունները։ Հայաստանաբնակ գործընկերների հետ քննարկվել են նաև հիվանդների վարման համակարգերը, հետվիրահատական բուժման առավել արդյունավետ մեթոդները։ Լավագույն փորձը կիսող վիրաբույժ Սիսակյանը տեսակապով արգանդի քաղցկեղի ցուցադրական վիրահատություն է իրականացնում, միաժամանակ պատասխանում գործընկերների հարցերին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում վերջին տարիներին ուռուցքաբանության՝ մասնավորապես, ուրոլոգիական, մամոլոգիական, գինեկոլոգիական և այլ ուռուցքաբանական ծառայությունների զարգացումը և այդ հիվանդությունների վիրահատությունների թվերի ավելացումը ենթադրում էր բուժման համալիր ծառայությունների ստեղծումը մեկ վայրում․ սա կենտրոնի զարգացման առաջնահերթությունների ցանկում է վաղուց: «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ շուտով կգործարկվի Հայաստնում որակապես եզակի, նոր Ռադիոթերապիայի կենտրոնը։ Այն հանրապետությունում տարբերվում է ինչպես շենքային, այնպես էլ տեխնիկական հագեցվածությամբ և մասնագիտական ներուժով։ Հայաստանում նախադեպը չունեցող այս Ռադիոթերապիայի կենտրոնն աշխատելու է ամերիկյան Varian և գերմանական Siemens Healthineers ընկերությունների արտադրության գերհզոր ճառագայթային և ախտորոշման սարքավորումներով: Եվ այս նոր Ռադիոթերապիայի կենտրոնի գոյությամբ է հնարավոր «Էրեբունի» բժշկական կենտրոնում քաղցկեղով հիվանդներին մատուցել բարձրակարգ, պրոֆեսիոնալ և ամենակարևորը ամբողջական բուժօգնություն՝ ախտորոշում, վիրահատում, քիմիաթերապիա և ճառագայթային բուժում։

Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում
+374 10 47 11 00
QR
Price list QR