Loading

Կոխլեար իմպլանտացիա 2024 հունիս

06.07.2024

Արդեն 255-րդ անգամ է, ինչ Կալիֆորնիայի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, հայտնի օտովիրաբույժ Ակիրա Իշիյաման մտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատարան և հերթական անգամ կատարում է լսողությունը վերականգնող վիրահատությունը՝ կոխլեար իմպլանտացիան:

Վիրահատարանից դուրս նրան սպասում է վիրահատված երեխայի մայրը՝ պրոֆեսորի աչքերի մեջ փնտրելով իր գլխում պտտվող բազմաթիվ հարցերի պատասխանները:

Ամեն անգամ այս ճանապարհը բերում է ևս մեկ երեխայի կյանքում սպասված ու կարևոր իրադարձության՝ շրջապատող աշխարհի ձայների բացահայտման:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը 20 տարեկան է: Այս տարիների ընթացքում հարյուրավոր երեխաներ լսելու հնարավորություն են ստացել հենց այս վիրահատության շնորհիվ:

Այս անգամ 13 երեխա է վիրահատվել, սակայն մինչև վիրահատարան հասնելը երեխաները ընտրության երկար ամիսների ճանապարհ են անցել, նրանց հետ աշխատել են ինչպես բժիշկները, այնպես էլ աուդիոլոգներն ու սուրդոմանկավարժները:

Ամենօրյա ծավալուն աշխատանքներին հեռավար տարբերակով մշտապես մասնակցել են նաև Սալբի Ագարակյանը և Ակիրա Իշիյաման: Ծանրալսություն ունեցող երեխաների ընտրությանը հաջորդել է իմպլանտացիայի փուլը: Միացյալ Նահանգներում կոխլեար իմպլանտացիայի մեծ փորձառություն ունեցող պրոֆեսոր Իշիյաման կոխլեար իմպլանտացիայից առաջ մանրամասն ուսումնասիրում է յուրաքանչյուր դեպք, հաշվի առնում ամեն մի առանձնահատկություն:

Այս անգամ վիրահատություններն իրականացվել են նոր էքսպերտ դասի մանրադիտակով, որն առաջատարներից է աշխարհում: Ճապոնական արտադրության «Միտակա» մանրադիտակն ապահովում է պատկերի կատարյալ որակ, օպտիկական անգերազանցելի տեսանելիություն, կառավարման ճշգրտություն:

Բարեգործական այս ծրագիրը կայացել է և շարունակում է զարգանալ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի ջանքերի, ՀՀ կառավարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանի աջակցության շնորհիվ:

Նորագույն տեխնոլոգիաները, մասնագետների շարունակական կատարելագործումն ու աշխարհի առաջատար բժիշկների հետ փորձի փոխանակումը նպաստել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստեղծել Կոխլեար իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնը:

Կոխլեար իմպլանտացիա 2024 հունիս
+374 10 47 11 00
QR
Price list QR