Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը:
Հերթական անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության, «Դավիդյանց լաբորատորիաների» և Friends Home կազմակերպության հետ նախաձեռնել է ամենամյա ուռուցքաբանական միջազգային գիտաժողով: Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի կրում է «Կրծքագեղձի հայկական համաժողով» խորագիրը: Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել աշխարհի տարբեր երկրների հայտնի մասնագետներ՝ ուռուցքաբաններ, քիմիաթերապևտներ, վիրաբույժներ, ռադիոթերապևտներ: Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Իսպանիայից և ԱՄՆ-ից ժամանած բժիշկները հայ գործընկերների հետ քննարկում են կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը:
Գիտաժողովի ընթացքում հայ և արտասահմանցի մի շարք բժիշկներ պարգևատրվեցին առողջապահության նախարարության կողմից` Հայաստանում և աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործում ունեցած ավանդի համար։
Գիտաժողովի տեսական հատվածին հաջորդում է գործնականը: Բարսելոնայի Սանտ Պաու և Դել Մար հիվանդանոցների պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայության տնօրեն Ժաումե Մասիան և նույն ծառայության միկրովիրաբուժության բաժանմունքի տնօրեն Ջեմմա Պոնսը, ինչպես նաև Տեխաս նահանգի Անդերսոնի քաղցկեղի կենտրոնի և Տեխասի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Չանգը «էրեբունի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի եզակի և բարդ վերականգնողական վիրահատություններ կատարեցին: Նորարարական այս մեթոդով կրծքագեղձը վերականգնվում է ոչ թե իմպլանտի տեղադրմամբ, այլ նոր կրծքագեղձ է ձևավորվում սեփական ճարպային հյուսվածքներից:
Արտասահմանցի բժիշկների հետ համագործակցության արդյունքում առաջիկայում նման մեթոդով կվիրահատեն նաև մեր մասնագետները: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում կատարվում են կրծքագեղձի բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները: Բոլոր դեպքերում գլխավոր խնդիրն ու նպատակը մեկն է՝ բուժել կրծքագեղձի քաղցկեղը պահպանելով կուրծքը:
Դարի չարիք համարվող քաղցկեղը ժամանակին և ճիշտ ախտորոշելը շարունակում է մնալ մարտահրավեր մասնագետների համար։ Ախտորոշիչ սարքավորումների կատարելագործման, ոլորտում արհեստական բանականության ներդրմանը զուգահեռ արդիական են մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, որոնց շնորհիվ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիական կենտրոնում տարեկան հազարավոր քաղցկեղային հիվանդություններ են ախտորոշվում։ «Էրեբունի»-ն հանրապետությունում լինելով խոշոր բազմապրոֆիլ բժշկական հաստատություն, ունենալով վիթխարի մասնագիտական ներուժ և վերջին սերնդի ախտորոշիչ սարքավորումներ, անընդհատ ներդնելով բազմապիսի առաջատար համակարգեր, կարողանում է լիարժեք ախտորոշել քաղցկեղը բոլոր փուլերում։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, բգթ Հայկուհի Գեոկչյանի ղեկավարությամբ՝ մասնագիտական թիմերի հետ կենտրոնում Tumor Board է անցկացվում և ամեն հիվանդի համար բուժման անհատական ուղեցույց է առաջարկվում։
Քաղցկեղի բուժման ուղեցույցի համաձայն հիվանդին սովորաբար առաջարկվում է դեղորայքային բուժում, վիրահատություն, կամ երկուսը միասին։ Քաղցկեղի բուժման ոչ պակաս կարևոր մեթոդներից է ռադիոթերապիան, ուստի ռադիոթերապիայի այս նոր կենտրոնի ստեղծմամբ վերջապես փակվում է ուռուցքային հիվանդությունների ամբողջական շղթան։ Քաղցկեղ ախտորոշված հիվանդների մոտավորապես 50 տոկոսը ճառագայթային բուժուման կարիք է ունենում:
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում կրծքագեղձի նորագոյացությունների դեպքում ճառագայթային թերապիան իրականացվում է ամերիկյան հայտնի Varian ընկերության արտադրության Halcyon գծային արագացուցիչներով: Այս սարքով կատարվում է կրծքագեղձի քաղցկեղի համար անհրաժեշտ Ծավալային մոդուլացված աղեղային թերապիան VMAT, որի ժամանակ մեքենան պտտվում է մարդու մարմնի շուրջ՝ ուղարկելով տարբեր հզորության էներգիայի բազմաթիվ ճառագայթներ՝ սպանելով քաղցկեղի բջիջները և ոչնչացնելով ուռուցքը: Այս արագացուցիչով իրականացվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ մեկ այլ՝ Ինտենսիվության մոդուլացված ճառագայթային թերապիան (IMRT), որի ժամանակ սարքը տարբեր ուժգնության բազմաթիվ ճառագայթներ է ուղարկում՝ ոչնչացնելով քաղցկեղային բջիջները չվնասելով առողջ հյուսվածքները։
Կրծքագեղձի քաղցկեղի լիակատար բուժման համար մեկ այլ կարևոր հանգամանք, «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում հիվանդը, ըստ անհրաժեշտության, հետազոտվում է արհեստական բանականությամբ օժտված գերմանական SIEMENS BIOGRAPH MCT նորագույն սարքավորումով՝ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆ համակցված ՊԷՏ/ՀՏ համակարգչային տոմոգրաֆով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ տեսնել ուռուցքային բջիջների տեղակայումը:
Ռադիոթերապիայի կենտրոնում հայ մասնագետների հետ աշխատում են նաև արտասահմանցի բժիշկներ: Այստեղ աշխատելու նպատակով Մոսկվայից Հայաստան է տեղափոխվել ռադիոթերապևտ Սերգեյ Գոլուբը և ղեկավարում է կենտրոնի ճառագայթային թերապիայի նոր բաժանմունքը:
Այսպիսով, կրծքագեղձի և այլ ուռուցքային հիվանդությունների ախտորոշման դեպքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնարավոր է ստանալ ժամանակակից, բարձրակարգ, մասնագիտացված և ամբողջական բուժօգնություն՝ առանց երկրից դուրս գնալու: