«Էրեբունի» բժշկական կենտրոնում, վիրասեղանին վաթսունն անց կին է: Տասը տարի առաջ հայտնաբերված անևրիզման այնքան է մեծացել, որ բժիշկները որոշել են վիրահատել: Բարդ միջամտություն է՝ ներանոթային եղանակով:
Վիրահատարանում կատարվողին ուղիղ հեռարձակմամբ հետևում են կոնֆերանս սրահում, որտեղ հավաքված են սրտանոթային և ներանոթային հարյուրավոր վիրաբույժներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Անևրիզման զարկերակի մեջ գոյացող փուչիկի նման ուռուցիկ է և կարող է առաջանալ տարբեր օրգաններում: Այս պարագայում վիրահատվողի գլխուղեղում էր: Ժամանակին չկանխելը կհանգեցներ արյունազեղման՝ ինսուլտի:
Հայաստանի տարբեր կլինիկաների վիրահատարաններից ուղիղ հեռարձակումներ են՝ կոնֆերանս դահլիճ: «Էրեբունի» բժշկական կենտրոնը երկու վիրահատարանից էր միացել: Մեկն արդեն նշված դեպքն էր, մյուսը՝ լյարդի ներանոթային խնդրի էմբոլիզացիա: Լյարդի հեմանգեոման մի խնդիր է, որ հիմնականում հանդիպում է երիտասարդ կանանց մոտ և շատ դեպքերում հնարավոր չէ լուծում գտնել բաց վիրահատությամբ:
Սա կոնֆերանսների շարք է, որ անցկացվում էր Ռուսաստանում: Այս տարի՝ առաջին անգամ՝ Ռուսաստանի սահմաններից դուրս: Որպես առաջին երկիր ընտրվել է Հայաստանը: Մասնակիցները Նահանգներից են,ԱՊՀ և այլ երկրներից: Նպատակը՝ նոր դեպքերի, նոր վիրահատական մեթոդների և դրանց արդյունավետության քննարկում, վերլուծում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ցուցադրած երկու վիրահատություններ էլ հաջող են անցել: Պացիենտներն արդեն տանն են: Վիրահատությունները չափազանց բարդ էին, բայց «Էրեբունու» պարագայում չենք կարող ասել, որ սա հատուկ օր էր: Ամեն օր այս ծավալի, այս բարդության վիրահատություններ կատարվում են:
Լավ լուրերի շարքից` մեծացել է պլանային վիրահատությունների թիվը: Սա նշանակում է, որ հիվանդները խնդիրը նախապես բացահայտել, դիմել են մասնագետի և չեն թողել, որ գործը հասնի, օրինակ՝ ինսուլտի:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կիրառվող ներանոթային միջամտությունների տեխնիկան, մեթոդներն ու ընդհանուր քաքաղաքականությունը միտված են նրան, որ պետպատվերի դեպքում՝ պետության համար նվազագույն ծախսով, հիվանդի համար քիչ տրավմայով առավելագույն արդյունք ունենանք: