Loading

265 կոխլեար իմպլանտացիա

08.02.2025

Եվս մի քանի րոպե և 8 ամսական Արամը վիրահատարանում կլինի: Քիչ առաջ քույրն էր վիրահատվում: Երկուսն էլ նույն խնդիրն ունեն՝ լսողության բացակայություն:

Երեխայի հոր հետ զրուցողը Սալբի Ագարակյանն է: Հայաստանում հայտնի է իր բարեսիրական գործունեությամբ: Նրա աջակցությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հարյուրավոր երեխաներ են վիրահատվել, առաջին անգամ բնության ձայները լսել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում հերթական անգամ ևս 9 երեխայի կոխլեար իմպլանտացիա կատարվեց: Սա լսողական խնդիրներով մարդկանց համար նախատեսված բացառիկ վիրահատություն է՝ ականջի խխունջի փոխպատվաստում:

Հայաստանում գործող սքրինինգային ծրագիրը հնարավորություն է տալիս շատ վաղ տարիքում բացահայտել երեխայի խլությունը: Սա չափազանց կարևոր է, որովհետև վիրահատության արդյունավետությունը կախված է տարիքից: Որքան շուտ կատարվի՝ այնքան լիարժեք կձևավորվի երեխայի խոսքը:

Սա անհրաժեշտ է, որպեսզի հաջորդող երկու-երեք ամիսների ընթացքում պարզվի՝ երեխային լսողական սարքերն օգնում են, թե՝ ոչ, և մինչև 1 տարեկանը կատարվի վիրահատություն: Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր լսողական լուրջ խնդիրներով են ծնվել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այս վիրահատության ժամանակ օգտագործում են աշխարհում առաջատար ընկերության կոխլեար իմպլանտները:

Շատ նրբություններ կան: Էլեկտրական ազդակը, որը փոխանցվում է կոխլեար իմպլանտից դեպի լսողական նյարդ, պետք է շատ փոքր տարածություն անցնի, և էֆեկտիվ կերպով փոխանցվի լսողական նյարդին:

Այս գործընթացի ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը պատրաստում է իր մասնագետներին՝ ինքնուրույն գործունեության, որպեսզի առանց օտարեկրացի մասնագետների մասնակցության էլ ականջի իմպլանտներ այստեղ տեղադրվեն:

Ավարտվեց հերթական վիրահատությունը. սա ևս մեկ հուզումնալից պատմության սկիզբ է: Ընդամենը մեկ ամիս անց իմպլանտի փորձարկման ժամանակ, երբ երեխան առաջին անգամ լսում է իր անունը, լացում է, մեծամասամբ այսպես է լինում` կյանքի ձայները լսելուց հետո հիմնական արձագանքը լացն է, որն ազդարարում է նոր կյանքի սկիզբը` հնարավորթյուն տալով ոչ միայն լսել ձայները, այլև խոսել և ամբողջությամբ միաձուլվել շրջապատող աշխարհին:

265 կոխլեար իմպլանտացիա
+374 10 47 11 00
QR
Price list QR